Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայաստանի առաքելության, նոր առաջնորդության, Ազգային կոմիտեի հեռանկարի և ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին

Հայաստանի առաքելության, նոր առաջնորդության, Ազգային կոմիտեի հեռանկարի և ամբողջական իշխանափոխության անհրաժեշտության մասին
10.10.2023 | 07:35

Մեր պետության առաքելությունն ու գոյության իմաստն ամրագրված է ՀՀ անկախության հռչակագրում։

Անկախ Հայաստանը, որը Ղարաբաղյան շարժման ծնունդ է, իր վրա վերցրել էր հետևյալ հիմնական հանձնառությունները.

- Ժամանակակից պետության կառուցում (ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, սոցիալական արդարություն, ինքնիշխանության ապահովում),

- Արցախահայության իրավունքների, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի և անվտանգության երաշխավորություն,

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում։

88-ի շարժման արդյունքում մենք ստացանք անկախություն, հաղթեցինք Ղարաբաղյան 1-ին գոյամարտում և ստացանք Արցախի դե ֆակտո պետականություն։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը (չհաշված փոքրիկ շեղումները) տեղ գտավ մեր արտաքին քաղաքական օրակարգում և տվեց իր դրական արդյունքները։

Ժամանակակից ու արդար պետություն կառուցելու հարցում, սակայն, թերացանք, ինչի արդյունքում էլ քաղաքական դաշտում առաջացան չարորակ ուռուցքներ։ Նիկոլ Փաշինյանն այդ հիվանդ միջավայրի ծնունդ է։ Արցախը դարձավ նրա առաջին զոհը։ Հայոց ցեղասպանության հարցը, թուրքական նախապայմանների բավարարման շրջանակներում, մոռացության տրվեց։ Հերթը հասել է Հայաստանի գոյությանը։

Հայաստանի «raison d'être»-ն

Նիկոլ Փաշինյանը 5 տարվա ընթացքում փաստացի զրկեց մեր երկիրն անկախության հռչակագրում ամրագրված առաքելությունից, փոշիացրեց ձեռքբերումները ու գրեթե զրոյացրեց մեր ինքնիշխանությունը՝ հարցականի տակ դնելով Հայաստանի Հանրապետության գոյությունը։

Արցախի կորուստը զրկել է մեր պետությունը գոյության կարևորագույն իմաստից, ինչը նշանակում է, որ մենք հիմա ազգային-պետական ինքնության ու առաքելության լրջագույն ճգնաժամի մեջ ենք։

Ո՞րն է մեր երկրի առաքելությունը նոր իրողությունների պայմաններում։ Արցախի հարցով ո՞րն է լինելու ՀՀ-ի անելիքը։ Ինչպե՞ս ենք Բաքվից հետ բերելու պատանդառված արցախցիներին։ Ինչպե՞ս ենք խայտառակության խարանը մաքրելու մեր ճակատից։ Ինչպե՞ս ենք մենք դաշնակիցներ ունենալու թշնամական Ադրբեջանի ու Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների պայմաններում։ Ինչպե՞ս ենք մենք պահպանելու մեր պետականությունն այս եռացող տարածաշրջանում և փոթորկոտ աշխարհում։ Ինչքանո՞վ ենք մենք հետաքրքիր աշխարհին ու մեր բնական դաշնակիցներին։ Ինչպե՞ս չդառնանք բախման թատերաբեմ Արևմուտք-Իրան, Արևմուտք-Ռուսաստան սուր հակադրության պայմաններում։ Ինչպե՞ս աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների հետ գտնենք արդյունավետ գործընկերության բանաձև՝ չդառնալով մանրադրամ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու և գործնական քայլեր անելու համար լրջագույն մտավոր աշխատանք և կամք է պահանջվում։

88-ի շարժման սերնդի գլխավոր ձեռքբերումը՝ Արցախը, հանձնվել է ու հայաթափվել։ Սա էլ է քաղաքական դեֆոլտի պատճառ դարձել ու մեզ կանգնեցրել լրջագույն մարտահրավերների առաջ։ Մեր սերունդը պետք է հաղթահարի այդ մարտահրավերները։

Մենք հիմա համազգային և պետական կատաստրոֆայի առաջ ենք կանգնած։ Հայաստանն Արցախով և առանց Արցախի լրիվ տարբեր բաներ են թե՛ արժեհամակարգային, թե՛ անվտանգային, թե՛ բարոյաքաղաքական առումներով։ Մենք հաղթած ազգից վերածվել ենք պարտված ու մատաղացուի կարգավիճակում հայտնված զանգվածի։ Այս պայմաններում պետականության կորուստն ու նոր ցեղասպանության ենթարկվելը կարճ ժամանակի հարց է դառնում։

Հայաստանը՝ ջրբաժանի առաջ

Նիկոլ Փաշինյանը, «խաղաղության օրակարգի» կեղծ թեզի ներքո, առաջարկում է հրաժարվել ՀՀ անկախության հռչակագրից, այսինքն՝ 88-ի շարժման արդյունքում ձևակերպված գոյության իմաստից։ Այդ գոյության իմաստը, կրկնենք, հայկական Արցախին տեր կանգնելն էր։

Նիկոլն առաջարկում է Հայաստանի գոյության նոր իմաստ՝ առանց Արցախի, առանց հայ-ռուսական ու հայ-իրանական հարաբերությունների։ Դա թուրքական ազդեցության տակ ապրելու հեռանկարն է։ Այսինքն՝ Փաշինյանի առաջարկած գոյությունը ․․․ չգոյությունն է, քանզի Թուրքիան չի էլ թաքցնում, որ լեգիտիմ չի համարում հայկական պետության գոյությունն իր հարևանությամբ։

Այս տարվա հոկտեմբերի 5-ին Փաշինյանը Գրանադայում ՀՀ քաղաքացիների գլխին բերել է այնպիսի ապագա, ինչպիսին որ բերեց Արցախի Հանրապետության գլխին նախորդ տարվա հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևին լեգիտիմ հիմք է տվել՝ Հայաստանի վրա հարձակվելու, «անկլավները» գրավելու և Հայաստանում բազմաթիվ «Լաչինի միջանցքներ» սարքելու համար։ Երևանին, փաշինյանական «խաղաղության օրակարգով», նույն սցենարն է սպասվում, ինչպես որ եղավ Ստեփանակերտի հետ։

Մենք հիմա շատ կարճ ժամանակ ունենք՝ Փաշինյանի ու մեր թշնամի պետությունների գծագրած սարսափելի հեռանկարի դեմն առնելու համար։

Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ու բովանդակ հայ ժողովրդին առաջարկում է մահվան հայեցակարգ՝ նպատակ ունենալով փրկել սեփական աթոռն ու ապահովել անձնական անվտանգությունը։ Դա նշանակում է, որ Փաշինյանի իշխանությունն ու Հայաստանն անհամատեղելի են։ Ամբողջական իշխանափոխությունը մեր պետականության ու անվտանգության ապահովման թիվ մեկ նախապայմանն է։

Ստեղծված իրավիճակում բոլոր ազգային ուժերի խնդիրը Հայաստանի առաքելության, անվտանգության ապահովման և զարգացման ֆունդամենտալ հարցերի պատասխանը գտնելն ու դրա շուրջ համազգային համախմբում ապահովելն է։

Ազգային կոմիտեն, որը ստեղծվել էր սեպտեմբերի 20-ին, արտակարգ պայմաններում և Արցախում ստեղծված իրավիճակից դրդված, հիմա օբյեկտիվորեն չի կարող գործել սեպտեմբերի 20-ի տրամաբանությամբ։ Կոմիտեն տրանսֆորմացման կարիք ունի։ Դա տեղի կունենա կոմիտեի ընդլայնման, վերակազմավորման կամ հասարակական-քաղաքական նոր ձևաչափի միջոցով, քննարկման հարց է։

Ի դեպ, մենք անհամեմատ ավելի լուրջ հարցերի պատասխաններ պետք է գտնենք, քան կոմիտեի ապագային վերաբերող հարցերի պատասխան գտնելն է։ Կոմիտեն գործիք է՝ խնդիրը լուծելու համար։ Եթե խնդիրը տրանսֆորմացվում է կամ գործիքը չի աշխատում, ապա պետք է արագ արձագանքել միջավայրին ու համապատասխան քայլեր անել։

Քաղաքական առաջնորդության և անելիքների մասին

Կա տեսակետ, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկած հանրային ընդվզման միջոցով իշխանափոխության բլից-կրիգը չհաջողվեց, քանի որ այսինչ մարդուն չհրավիրեցին ու չկանգնեցրին հարթակում, կամ էլ՝ չներառեցին Ազգային կոմիտեում։ Սա իրականում պարզունակ քննադատություն է։

Այս թեմայով պետք է նկատել, որ առաջնորդությունը կանչովի չի լինում։ Լիդերին նաև հրավիրատոմս չեն տալիս։ Լիդերը մտնում է կռվի մեջ՝ չխուսափելով պատասխանատվությունից ու չվախենալով հարվածներից։

Կա նաև կարծիք, որ հանրահավաքները մարեցին, քանզի այսինչն էր հարթակում կանգնած։ Եթե նույնիսկ այդ քննադատության մեջ օբյեկտիվություն կա, ապա հանրային տրամադրությունների ներկա պատկերը շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան այսինչի կամ այնինչի հարթակում լինել կամ չլինելը։

Հիմա պետք է մի կողմ դնել բոլոր մանր խնդիրները, անձնական հաշիվներն ու խմբակային հաշվարկները։ Միմյանց քարկոծելն ու մեղավորներ փնտրելն անիմաստ ու անհեռանկար գործ է։ Դավադրությունների տեսությունն այս պայմաններում լավագույն օգնականը չէ։

Քաղաքական ինստիտուտների համընդհանուր դեֆոլտի պայմաններում մեզ անհրաժեշտ է նոր առողջ հոսանքների ու անհատների համախմբում կամ առնվազն նրանց միջև համագործակցության արդյունավետ ձևաչափերի ստեղծում։

Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը շատ մեծ է, և անկախ այն հանգամանքից, որ հիմա փողոցում հարաբերական անդորր է, միևնույն է, իշխանափոխությունն անխուսափելի է։

Իշխանափոխության համար մեզ քաղաքական դաշտում կանոնավոր բանակ է պետք ունենալ։ Քաղաքական ֆիդայականությունը մեր ժողովրդի համար կարող է մի քանի օրվա պոռթկում ապահովել, բայց ոչ իրական արդյունք։

Հայաստանին անհրաժեշտ է գաղափարական վակուումի վերացում, նոր որակի առաջնորդություն, թիմային աշխատանք, կամք, վճռականություն և համախմբվածություն։

Մենք, իրար վրա ցեխ շպրտելու փոխարեն, պետք է մեր էներգիան այլ ուղղությամբ օգտագործենք։ Բոլորս պետք է առաջնորդվենք՝ «Ո՞վ, եթե ոչ ես, եր՞բ, եթե ոչ հիմա» կարգախոսով։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2302

Մեկնաբանություններ